Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
Կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը (1935թ. մարտի 15 – 1972թ. հուլիսի 25) XX դարի կրկեսի նշանավոր արտիստներից է:
Վարպետորեն օգտագործելով իմպրովիզացիայի և մնջախաղի նոր ու հետաքրքիր արտահայտչամիջոցներ՝ հարստացրել է կրկեսի ծաղրածուի ավանդական կերպարը: Լեոնիդ Ենգիբարյանը 1953-1955թթ. սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում (զբաղվել է բռնցքամարտով, ստացել 1-ին կարգ):
1959թ. ավարտել է Մոսկվայի պետական կրկեսային և էստրադային արվեստի ուսումնարանը: Նույն թվականից Հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստ էր: 1971թ. ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն՝ սկզբնավորելով «ենգիբարյանական ուղղությունը»:
Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրևը», «Ծաղրածուի տարօրինակությունները»: Ենգիբարյանն ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում:
Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց» ստեղծագործությունները: Նրա գործունեությանն են նվիրված «Ծանոթացե´ք, Լեոնիդ Ենգիբարովն է», «2-Լեոնիդ-2» կինոնկարները: Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» (1971թ.), «Վերջին ռաունդ» (1984թ.) գրքերը (երկուսն էլ` ռուսերեն): Արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող: 1964թ. Պրահայում ծաղրածուների մրցույթում շահել է 1-ին մրցանակ: Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում: 1972թ. Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր և ղեկավար՝ Սոս Պետրոսյան), կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը (1995թ., քանդակագործ` Լևոն Թոքմաջյան):