Թրամփը և Ցզինպինը առևտրային պայմանագիր կկնքեն ապրիլից ոչ շուտ. ԶԼՄ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը, որը երկու երկրների միջեւ առեւտրային պատերազմին վերջ դնող պայմանագրի կնքում է ենթադրում, մարտին չի կայանա, հաղորդում է Bloomberg-ը:
Չնայած նրան, որ երկու կողմերը բազմիցս խոսել են բանակցությունների
առաջընթացի մասին, Մար-ա-Լագոյում ԱՄՆ-ի եւ Չինաստանի նախագահի հանդիպումը,
որը նախատեսվում էր մարտին, լավագույն դեպքում կկայանա ապրիլի կեսին, եթե
ընդհանրապես կկայանա, ասել է աղբյուրներից մեկը:
Նրա խոսքով՝ Չինաստանը պնդում է պաշտոնական այցի մասին եւ պատրաստ չէ միայն պայմանագրի կնքման համար համեստ հանդիպմանը:
ԱՄՆ-ի ֆոնդային ինդեքսների ֆյուչերսները այս ֆոնին նվազում են, յուանի
փոխարժեքը ամերիկյան արժույթի նկատմամբ նվազել է 0.3 տոկոսով՝ մինչեւ 6.727
յուան:
ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը ավելի վաղ այս շաբաթ
ասել էր, որ Չինաստանի հետ հարաբերություններում մի շարք առանցքային հարցեր
մնում են չլուծված, այդ թվում մտավոր սեփականության հարցը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ում ներկրվող չինական ապրանքների համար մաքսատուրքերի
բարձրացման տարբերակը պետք է բաց մնա, որպեսզի ապահովի Պեկինի կողմից
առեւտրի ոլորտում պայմանավորվածությունների կատարումը:
Վերջին օրերին Թրամփը որոշակիորեն փոխել է Չինաստանի հետ
բանակցությունների մոտեցումը: Նախօրեին նա ասել էր, որ չի շտապում
Չինաստանի հետ պայմանագրի կնքման հարցում: