ՀՔԾ-ն պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի հայտարարություններին
Հատուկ քննչական ծառայության պետի կողմից երբևիցե արված յուրաքանչյուր
հայտարարություն, այդ թվում` բանակը մարտի 1-ի դեպքերին ներգրավելու, դրա
արդյունքում սահմանին հերթապահություն իրականացնող զինվորներին ժամանակին
չփոխարինելու, բանակի կողմից մարտական փամփուշտներով լիցքավորված հրազեն
կիրառելու և մասնավոր միջոցների հաշվին զինվորականներին գումար բաժանելու
վերաբերյալ, հիմնված է բացառապես քրեական գործի շրջանակներում դատավարական
ընթացակարգերով ձեռք բերված հավաստի ապացույցների վրա: Այս մասին նշված է
ՀՀ հատուկ քննչական ծառայության պարզաբանման մեջ, որը տարածվել է ի
պատասխան Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի կողմից լրագրողների
հետ ճեպազրույցում այսօր հնչեցրած հայտարարությունների։
Ներկայացնենք հաղորդագրությունն ամբողջությամբ.
«ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից երբևիցե արված
յուրաքանչյուր հայտարարություն, այդ թվում` բանակը մարտի 1-ի դեպքերին
ներգրավելու, դրա արդյունքում սահմանին հերթապահություն իրականացնող
զինվորներին ժամանակին չփոխարինելու, բանակի կողմից մարտական փամփուշտներով
լիցքավորված հրազեն կիրառելու և մասնավոր միջոցների հաշվին
զինվորականներին գումար բաժանելու վերաբերյալ, հիմնված է բացառապես քրեական
գործի շրջանակներում դատավարական ընթացակարգերով ձեռք բերված հավաստի
ապացույցների վրա:
Հուսով ենք, որ մոտ ապագայում բոլոր այդ ապացույցները կհետազոտվեն
հրապարակային դատաքննության ընթացքում, և պաշտպանական կողմն այլևս զրկված
կլինի սուտ տեղեկություններ տարածելու միջոցով հանրությանն
ապակողմնորոշելու փորձեր անելու հնարավորությունից:
Այս ամենից հետո մնում է ենթադրել միայն, որ Ռուբեն Սահակյանը կամ չի
ծանոթացել քրեական գործի նյութերին, կամ ծանոթացել է, սակայն դրանք
ներկայացնում է խեղաթյուրված` մոլորեցնելով հանրությանը, կամ էլ ծանոթացել
է, սակայն որոշ օբյեկտիվ պատճառներով ունակ չէ ընկալել դրանց
բովանդակությունը, ինչն ավելի մտահոգիչ է, քանի որ այդ պարագայում կստացվի,
որ նա խաբում է ոչ միայն հանրությանը, այլ նաև իր վստահորդին:
Չենք ուզում, իհարկե, Ռուբեն Սահակյանին հակադարձել իր իսկ ցածրորակ
արտահայտություններով, փոխարենը նրան կոչ ենք անում չանցնել կոռեկտության
ու փաստաբանական էթիկայի սահմանները»: