Աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը հետաձգող օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեցին երկու նախագծեր․
«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին։
Առաջինը վերաբերում էր մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով մեքենաներին, որոնք Հայաստան են բերվել, բայց արգելքի պատճառով չեն մաքսազերծվել։ Օրենքով հիմա այդ մեքենաների տերերին թույլ կտրվի մինչև մայիսի 1-ն իրականացնել մաքսազերծումն ու մեքենաներն անցկացնել սահմանը։
Երկրորդ օրենքը վերաբերում է նրան, որ պաշտոնյաները պետք է գույքի ու եկամտի հայտարարագրեր ներկայացնեն հակակոռուպցիոն հանձնաժողով, որը, սակայն, դեռ չի ստեղծվել։ Այս օրենքով կսահմանվի, որ հայտարարագրերը ներկայացվեն հին ձևով, մինչև ստեղծվի այդ հանձնաժողովը։
Երկու օրենքներն էլ միաձայն ընդունվեցին առաջին ընթերցմամբ։ Երկրորդ ընթերցումը կանցկացվի վաղը։