Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կրկին մերժել է Brexit-ի հարցով գործարքը
Բրիտանացի պատգամավորները մարտի 12-ին կրկին մերժել են Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պլանը, որը վարչապետ Թերեզա Մեյը համաձայնեցրել էր Բրյուսելի հետ։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Արդեն այսօր պետք է կայանա քվեարկություն առանց գործարքի հնարավոր Brexit-ի շուրջ։
Գործարքին դեմ է քվեարկել Համայնքների պալատի 391 անդամ, կողմ՝ 242-ը։
Մինչ քվեարկությունը խորհրդարանում ելույթի ժամանակ Մեյը կոչ էր արել քվեարկել գործարքի օգտին։
Եթե խորհրդարանի անդամներն աջակցեն առանց գործարքի ԵՄ կազմից դուրս գալուն, ապա Brexit-ը տեղի կունենա ծրագրվածի պես՝ մարտի 29-ին՝ առանց Բրյուսելի հետ որևէ պայմանավորվածության։ Եթե պատգամավորները մերժեն այդ հնարավորությունը, ապա պետք է ևս մեկ քվեարկություն անցկացնել։ Մարտի 14-ին նրանք կորոշեն՝ պե՞տք է արդյոք Լոնդոնը խնդրի Բրյուսելին հետաձգել Brexit-ի ամսաթիվը։