Ես Մայրապետյանին եմ կաշառքը տվել, հասել է նրանց, թե ոչ, չեմ կարող ասել. Սիլվա Համբարձումյան
Գործարար Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ աշնանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ իրեն սխալ են հասկացել. ինքը չի ասել, որ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կաշառք է տվել։
Այսօր՝ մարտի 12–ին, լրագրողների հարցին՝ արդյոք ինքը Ռոբերտ Քոչարյանին կաշառք է տվել, ինչպես որ նշել է իր մամուլի ասուլիսի ժամանակ, գործարարը պատասխանեց. «Ես նշել էի Սամվել Մայրապետյանի անունը, որ փոխանցել եմ Սամվել Մայրապետյանին։ Հասել է նրանց, թե՝ ոչ, ես չեմ կարող ոչինչ ասել եւ որեւէ հայտարարություն անել։ Ինչ ասել եմ Մայրապետյանի հետ կապված, պնդում եմ, միշտ կպնդեմ, որովհետեւ դա իրականություն է»։
Ճշտող հարցին՝ այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանին կաշառք տվե՞լ է, Սիլվա Համբարձումյանը կրկին Մայրապետյանի անունը նշեց. «Ես տվել եմ Մայրապետյան Սամվելին, որ փոխանցի, թե փոխանցվել է, թե ոչ, չեմ կարող ասել»։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Սիլվա Համբարձումյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:
Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել այն, որ Սիլվա Համբարձումյանը 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցրել է հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին և՛ ․․․»: