Լենա Նազարյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ
ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:
Բարձր գնահատելով հայ-ղազախական առկա հարաբերությունները՝ ԱԺ փոխնախագահը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Լենա Նազարյանը խոսել է տարբեր միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Ղազախստանի աշխատանքի վերաբերյալ, կարևորել գործընկերային համագործակցությունը:
ԱԺ փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել ղազախական կողմին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեր երկրում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
Խորհրդարանի ղեկավարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստակամ է Ղազախստանի դեսպանության հետ սերտ համագործակցության և նոր նախաձեռնությունների իրագործման հարցում:
Թիմուր Ուրազաևը ևս անդրադարձել է երկկողմ փոխգործակցության օրակարգի խնդիրներին, տարբեր ինտեգրացիոն ուղղություններում համագործակցությանը: Դեսպանի գնահատմամբ՝ և՛ ՀԱՊԿ-ը, և՛ ԵԱՏՄ-ն պետք է հավատարիմ մնան իրենց որդեգրած սկզբունքներին:
Դեսպանը կարևորել է տնտեսական կապերում առկա դրական առաջընթացը, ինչը կարող է օգտագործվել ի շահ երկու երկրների:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ համայնքի խնդիրների ու գործունեության, բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման վերաբերյալ: Թիմուր Ուրազաևը նշել է, որ բազմաթիվ ղազախ գործարարներ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններից հետո հետաքրքրված են ներդրումների իրականացմամբ: Այդ համատեքստում Լենա Նազարյանը վստահեցրել է, որ մեր երկրում այժմ ստեղծված են նպաստավոր պայմաններ օտարերկրյա ներդրողների համար: