Վրաստանն ավարտել է բանակցությունները «Գազպրոմի» հետ Հայաստան գազի տարանցման շուրջ
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության բանակցությունները ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ վրացական տարածքով Հայաստան գազի տարանցման նոր համաձայնագրի շուրջ ավարտվել են, ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մամուլի ասուլիսում, տեղեկացնում է «Sputnik-Գրուզիան»։
«Բանակցությունները փաստացի ավարտվել են։ Ուզում եմ հիշեցնել, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվել էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններում. առաջինը, անշուշտ, մեր էներգաանկախությունն է, երկրորդը՝ բարելավել մեր դիրքերն այս պայմանագրում... Բանակցություններն ավարտվել են այս սկզբունքների հաշվառմամբ»,- ասել է Բախտաձեն։
Նրա խոսքով՝ մանրամասները հայտնի կդառնան կառավարության նիստի ավարտից հետո, երբ էկոնոմիկայի նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ։
Վրաստանը վերջին անգամ «Գազպրոմի» հետ պայմանագիր կնքել էր 2017-ի հունվարին։ Այն կնքվել է երկու տարով և նախատեսում է նոր պայմաններ՝ առաջին տարում Վրաստանը մասամբ պետք է ստանա վճար բնական գազի տարանցման համար, իսկ երկրորդ տարում հաշվարկները պետք է լիովին դրամայնացվեն։ Մինչ այդ վրացական կողմը վճարն ստանում էր միայն գազով։
Վերջին համաձայնագրի ժամկետը լրացել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին։
Վրաստանը ռուսական գազ չի գնում 2017 թվականից։ Երկիրը բնական գազով ապահովում է Ադրբեջանը։
2018-ին Վրաստանով Հայաստան տեղափոխվել է 1,93 մլրդ խորանարդ մետր գազ։ 2017-ին գազի տարանցման ծավալը կազմել է մոտ 2 մլրդ խորանարդ մետր։
Ռուսաստանի և Հայաստանի միջև պայմանագիրը ենթադրում է ամեն տարի 2,5 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարում։