Հարկային օրենսգրքի գլոբալ փոփոխությունը կլինի երկրորդ փուլում. Բաբկեն Թունյան
Սա Հարկային օրենսգրքի միջանկյալ, նախնական տարբերակ է, մեծ հաշվով, Հարկային օրենսգրքի փոփոխություն չէ: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Նրա խոսքով, Հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող փոփոխությունները հրատապ խնդիրների լուծման համար են, մինչդեռ գլոբալ փոփոխությանն համար, որը կհամապատասխանի հայտարարված տնտեսական նպատակներին, ժամանակ է պետք, դա ավելի ուշ կլինի:
Նա պարզաբանեց, որ հարկային փոփոխությունները լինելու են երկու փուլով. «Երկրորդ փուլում կլինեն այնպիսի փոփոխություններ, որից հետո առնվազն երկար ժամանակ կարիք չի լինի Հարկային օրենսգիրքը կրկին փոփոխել եւ անորոշության մեջ պահել տնտեսվարողներին: Միանգամից լուրջ հարկային օրենսգիրք մշակելն անհնար է եւ ավելի շատ խնդիրների է հանգեցնելու»:
Թունյանը նկատեց, որ մասնավորապես, եկամտային հարկի համահարթ սկզբունքը առաջին քայլն է, հաջորդը լինելու է գույքահարկի գլոբալ փոփոխությունը, որով եկամտահարկի բեռը կտեղափոխվի թանկ գույք ունեցողների վրա: