Օրինագծի փոփոխությամբ ժամանակավորապես թույլ են տալիս, որ կուտակված մեքենաները ներմուծվեն և մաքսային տարածքում խնդիրներ չլինեն. Արշակյան
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում այսօր «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխության հարցն է:
Հիմնական զեկուցողը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն է:
Հանձնաժողովի անդամներից մեկի տեղեկություններով՝ սահմանին մնացած ներմուծվող մեքենաների մեծամասնությունը հետագայում արտահանվում է ԵԱՏՄ այլ երկրներ, հետո հարցրեց՝ արդյո՞ք նպատակահարմար չէ բյուջեում հավելյալ մուտքերի նպատակով ժամկետը երկարացնել, միևնույն է, մինչև տարվա վերջ օրենքը վերանալու է:
«Այն հավանականությունը, որ այդ մեքենաները կմնան այստեղ կամ չեն մնա, չափելի և գնահատելի չէ: Որպես քաղաքականություն՝ կարող եմ ասել, որ դա ազնիվ աշխատանքայիյն մոտեցում չէ ԵԱՏՄ մեր մյուս գործընկերների նկատմամբ: Մենք չէինք ցանկանա նման ռիսկային որոշման գնալ: Կարծում ենք, որ քաղաքական տեսանկյունից աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաների մուտքը նպատակահարմար է պահել այնպես, ինչպես կա, այսինքն՝ արգելված»,- ասաց նա:
Նա շեշտեց՝ այս օրինագծի փոփոխությամբ ընդամենը ժամանակավորապես թույլ են տալիս, որ կուտակված մեքենաները ներմուծվեն և մաքսային տարածքում խնդիրներ չլինեն: