Արգենտինացի օդաչուները հրաժարվում են Boeing 737 MAX-ով թռչել
Եթովպիայում վթարից հետո արգենտինացի օդաչուները հրաժարվում են Boeing 737 MAX-ով թռչել այնքան ժամանակ, մինչեւ ներկայացվեն վտանգների բացակայության երաշխիքներ, հայտնել է երկրի Օդաչուների ասոցիացիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Boeing 737 MAX օդանավերի հետ կապված վերջին երկու պատահարներով պայմանավորված մենք Արգենտինայի Քաղաքացիական ավիացիայի ազգային վարչությանը եւ «Արգենտինական ավիաուղիներին» խնդրել ենք նախազգուշական միջոցառումներ ձեռնարկելու մասին, որոնք կերաշխավորեն անձնակազմի անդամների եւ ուղեւորների անվտանգությունը»,- նշված է ասոցիացիայի հաղորդագրության մեջ:
Առայժմ պատասխան չի ստացվել: «Մենք հրահանգել ենք Boeing 737 MAX-ով թռիչքներ չիրականացնել»,- նշում են ասոցիացիայից՝ հավելելով, որ թռիչքները դադարեցված են այնքան ժամանակ, մինչեւ տեղեկություն ստանան վտանգի բացակայության մասին:
«Արգենտինական ավիաուղիները», որը երկրի ազգային փոխադրողն է, օգտագործում է Boeing-ի այդ տեսակի 5 օդանավ: