ՆԱՏՕ-ն կշարունակի գործընկերությունը Երեւանի հետ. Ջեյմս Ապաթուրայ
ՆԱՏՕ-ն կշարունակի գործընկերությունը Երեւանի հետ: Մարտի 11-ին Երեւանում ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
Նրա խոսքով, Հայաստանը կարեւոր ներդրում է կատարում Աֆղանստանում կայունության եւ անվտանգության ապահովման գործում` հավելելով նաեւ, որ Հայաստանը նաեւ ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն է իրականացնում: «Ես ասացի պաշտպանության նախարարին, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանին օգնում է նաեւ Դաշինքի շրջանակներից դուրս արդյունավետ իրականացնել առաքելությունները», - ասաց Ապաթուրայը:
Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ ցանկացած երկրում պաշտպանական ոլորտը կարող է կոռուպցիոն ռիսկերի ենթարկվել: Ապաթուրայը նաեւ հայտնեց, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին: