Նարեկ Մալյանի գործով Դավիթ Պետրոսյանի ու Դավիթ Սիմոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին. Դատախազություն
Մարտի 3-ի գիշերը Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը հարցաքննվել է ու տուժող ճանաչվել: Հարցաքննվել են նաև «Ռեստարտ»-ի անդամ Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Սիմոնյանը, որոնց նկատմամբ նաև խափանման միջոց է ընտրվել:
Այս մասին գործի ընթացքի վերաբերյալ ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Դավիթ Պետրոսյանը և Դավիթ Սիմոնյանը երեկ հարցաքննվել են, խմբով բացահայտ առևանգում կատարելու կասկածանքով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-ասաց Խաչատրյանը:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Հիշեցնենք, որ հասարակական գործիչ Նարեկ Մալյանն ուղիղ եթերում հայտնել էր, որ կեսգիշերին մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:
«Ռեստարտի»-անդամներն էլ իրենց հերթին հրապարակել էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետելու փորձի տեսանյութը։