Սիրիայում վիրավորված հայաստանցի սակրավորի կյանքին վտանգ չի սպառնում
Սիրիայում ականազերծման աշխատանքների ժամանակ ականի պայթյունից վիրավորված, հումանիտար առաքելությանը մասնակցող հայաստանցի սակրավորի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնեց առաքելությանը ներգրավված «Հումանիտար ականաեզրծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մամուլի խոսնակ Նազելի Էլբակյանը։
Նա հայտնեց, որ սակրավորի վիճակը նորմալ է, թեև աջ ոտնաթաթն ամպուտացվել է։ Նրան առաջիկայում կտեղափոխեն Հայաստան՝ ապաքինումն այստեղ շարունակելու համար։
Հիշեցնենք, որ Հայաստանը Սիրիա է ուղարկել հումանիտար ականազերծողներից (սակրավոր), ռազմական բժիշկներից ու նրանց անմիջական անվտանգությունն ապահովող ծառայողներից կազմված 83-հոգանոց խումբ՝ այնտեղ մարդասիրական առաքելություն իրականացնելու համար։
Փետրվարի 19-ից մինչ օրս հայաստանցի մասնագետները Սիրիայում ականազերծել են ավելի քան 10510 քառակուսի մետր տարածք: Հայտնաբերվել և ոչնչացվել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ:
Փետրվարի 18-ից առ այսօր սիրիացի գործընկերների հետ համատեղ հայաստանցի բժիշկները հիվանդներին ցուցաբերել են 50 վիրաբուժական և թերապևտիկ բնույթի մոտ 100 օգնություն: Իրականացվել է 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն։