Մենք կառավարություն ենք, չենք կարող լինել միայն առողջապահության նախարարություն. Նիկոլ Փաշինյանը՝ Արսեն Թորոսյանին
Կառավարության այսօրվա նիստում Հարկային օրենսգրքում փոփոխությունների և հարակից նախագծերի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վրա:
ՀՕ նախագծի քննարկմանը Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Ֆինանսների նախարարությունից նախագծի վերջնական տարբերակը ստացել են այսօր առավոտյան ժամը 10-ին. «Հիմա պետք է քվեարկենք մի նախագիծ, որն այսօր առավոտյան ենք ստացել, բայց դրանում փոփոխություններ են արվել, օրինակ՝ ծխախոտի ԱԱՀ-ն նախատեսվածից քիչ է ավելացվում: Մենք ներառված չենք եղել այդ քննարկումներում: Այս տեսքով չպետք է գնա ԱԺ»,- ասաց Թորոսյանը:
Վարչապետը զայրացավ, թե ինչո՞ւ տեղյակ չեն եղել քննարկումներից այն դեպքում, երբ փաստաթուղթը մի քանի ամիս է քննարկվում է. «Որ հ/կ-ն ասում է՝ մեզ չեն ներգրավել քննարկումների մեջ, ես հասկանում եմ, որ նախարարն է ասում՝ մեզ չեն ներառել քննարկումների մեջ, ինձ համար անհասկանալի է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Եկեք ծխախոտի արտադրությունն արգելենք: Ինչի՞ չեք առաջարկում արգելել ծխախոտի օգտագործումն ու արտադրությունը ՀՀ-ում: Իրան չի հետաքրքրում բյուջեի մուտքը, իրան հետաքրքրում է՝ էնքան թանկ լինի, որ ոչ ոք չծխի: Պարո՛ն Թորոսյան, մենք կառավարություն ենք, չենք կարող լինել միայն առողջապահության նախարարություն: Հիմա, պետք է հարկային եկամուտների, առողջապահության, գյուղացիների գյուղմթերքի մթերման մասին էլ մտածենք»,- ասաց վարչապետը:
Առողջապահության նախարարն էլ արձագանքեց. «Ինձ էլ է հետաքրքրում, որ հարկային մուտքեր լինեն, որ մեր ոլորտին էլ հատկացումներ լինեն»,- պատասխանեց Թորոսյանը:
Վարչապետը հայտարարեց, որ կառավարության կողմից Հարկային օրենսգրքի ընդունումից հետո այն շարունակում է նախագիծ մնալ:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հարկային օրենսգրքի հարցով նմանատիպ և շատ ավելի բարդ քննարկումներ են տեղի է ունենալու Ազգային ժողովում: Նա նաև հանձնարարեց հանրային քննարկումներ անցկացնել ՀՕ նախագծի թեմայով: