2019 թ. գյուղատնտեսության ոլորտին 20-22 մլրդ դրամ վարկ կհատկացվի. Գեղամ Գևորգյան
Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը մարտի 7-ի կառավարության նիստում ներկայացրեց «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Նա հայտնեց, որ ներկայում գործող ծրագրի շրջանակներում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տրամադրվել է 6195 միավոր վարկ` 26,1 մլրդ դրամ գումարով, միայն 2018 թ.-ին՝ 5282 միավոր վարկ` 21.9 մլրդ գումարով։
Մեկ վարկի միջին չափը կազմել է շուրջ 4.2 մլն դրամ (ծրագրի ընթացքում): Տրամադրված վարկերն ունեցել են հետևյալ հիմնական ուղղությունները՝ անասնաբուծություն՝ 65 %, ջերմոցային տնտեսություն՝ 7%, բուսաբուծություն (դաշտավարություն, պտղաբուծություն)՝ 24 %, այլ՝ 4 %։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնական միջոցների ներդրմանն ուղղված 1 դրամ սուբսիդիան 5 տարում ստեղծում է 5.8 դրամ հավելյալ արժեք։
Ըստ Գևորգյանի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծրագրով սահմանված 3-10 մլն դրամ վարկավորման գումարը երբեմն բավարար չի լինում տնտեսությունների խոշորացման, արտադրական հզորությունների ընդլայնման, կապիտալ ներդրումների ավելացման խնդիրների լուծման համար։ Ավելի մեծ գումարի վարկեր ստանալու պահանջարկ կա։
Նախագծով նախատեսվում է 2019 թ. շուրջ 5100 միավոր վարկ՝ 20-22 մլրդ գումարի սահմաններում, սուբսիդավորման գումարը կկազմի շուրջ 2.2 մլրդ դրամ, որից 2.0 մլրդ դրամը նախատեսված է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով, իսկ 200 մլն դրամը կտրամադրվի 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված, սակայն տնտեսական արդյունավետության տեսանկյունից իրականացման համար ոչ նպատակահարմար ճանաչված «Փոքր գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի բյուջեից։ Գևորգյանն ասաց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են բյուջեն մեծացնել: