2 փոխվարչապետ, 12 նախարարություն․ կառավարության կազմը կկրճատվի
Հայաստանը 3-ի փոխարեն կունենա 2 փոխվարչապետ, 18 նախարարության փոխարեն՝ 12 նախարարություն։ Այս մասին ասվում է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծում, որը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Նա թվարկեց հետևյալ փոփոխությունները։
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարություն:
Սփյուռքի նախարարությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով վարչապետի աշխատակազմին՝ վարչապետի աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որի նպատակներն ու խնդիրներն են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի լիազորությունների իրականացման մասնագիտական օժանդակությունը և անհրաժեշտ աջակցությունը, վարչապետի կողմից սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման գործառույթների և դրա շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքների կատարման աջակցությունը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին վերապահվում է վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը (այդ թվում՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով), որի շրջանակներում իրականացվող գործառույթները սահմանում է վարչապետը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը անվանափոխել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:
Բնապահպանության նախարարությունը անվանափոխել Շրջակա միջավայրի նախարարություն:
Սրա արդյունքում Հայաստանն ընդհանուր առմամբ կունենա հետևյալ նախարարությունները․
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
Առողջապահության նախարարություն,
Արդարադատության նախարարություն,
Արտակարգ իրավիճակների նախարարություն,
Արտաքին գործերի նախարարություն,
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
Շրջակա միջավայրի նախարարություն,
Պաշտպանության նախարարություն,
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն,
Էկոնոմիկայի նախարարություն,
Ֆինանսների նախարարություն: