Շվեյցարիայի բանկը ցուցադրել է Եվրոպայի ամենաթանկ թղթադրամը
Շվեյցարիայի ազգային բանկը (SNB, երկրի կենտրոնական բանկը) ներկայացրել է նոր նմուշի 1000 ֆրանկանոցը, որը կդառնա Եվրոպայի ամենաթանկ թղթադրամը եւ արժեքով երկրորդն աշխարհում (Բրունեյի 10 հազար դոլարանոց թղթադրամից հետո), տեղեկացնում է «Ինտերֆաքս-Տուրիզմը»։
Թղթադրամը, որը շրջանառության մեջ կմտնի մարտի 13-ից, մանուշակագույն է՝ պոլիմերային մանրաթելերի օգտագործմամբ, ինչպես եւ իններորդ սերիայի մյուս նոր թղթադրամները։ Դիզայնի հիմնական թեման հաղորդակցությունն է եւ լեզուն։
Նշվում է, որ վերջին ժամանակներս աշխարհում նկատվում է շրջանառությունից առանձնապես խոշոր թղթադրամները հանելու միտում, քանի որ դրանք ակտիվորեն օգտագործվում են քրեական աշխարհում, ինչպես նաեւ էլեկտրոնային վճարումների տարածման համատեքստում։ Մասնավորապես, Եվրոպական կենտրոնական բանկը որոշում է կայացրել այլեւս չտպագրել 500 եվրոյանոց թղթադրամներ 2019 թվականի ապրիլից։
Սակայն Շվեյցարիայում մշակութային առանձնահատկությունների բերումով կանխիկ դրամը նախկինի պես տարածված է, ասել է SNB փոխնախագահ Ֆրից Ցուրբրյուգը։
Ինչպես ցույց են տալիս ԿԲ 2017 թվականի հարցման արդյունքները, բոլոր վճարումների մոտ 70 տոկոսը Շվեյցարիայում իրականացվել է կանխիկ դրամով։ Արժեքային արտահայտմամբ այդ ցուցանիշը կազմել է մոտ 45 տոկոս։ Հարցվածների մոտ 40 տոկոսը գոնե մեկ անգամ տարվա ընթացքում գնումները վճարել է 1000 ֆրանկանոց թղթադրամով։ Ընդ որում՝ իտալախոս Տիչինո կանտոնում այդ ցուցանիշը հասնում է 60 տոկոսի, գլխավորապես՝ ի հաշիվ 55-ից բարձր տարիքի բնակչության։
Շվեյցարական ֆրանկների փոխարինումը նոր նմուշի թղթադրամներով կավարտվի 2019 թվականի սեպտեմբերին, երբ ԿԲ-ն կներկայացնի 100 ֆրանկ անվանական արժեքով վերջին թղթադրամը։