Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ավելի մերձեցրին Հայաստանն ու Եվրամիությունը․ Փաշինյան
Հայաստանում տեղի ունեցած կտրուկ քաղաքական փոփոխությունները և անցկացված ընտրություններն ավելի մերձեցրին Հայաստանն ու Եվրամիությունը, և դա արձանագրում է մեր համանման արժեքների առկայությունը։ Հայաստանում ժողովրդավարությանը այլընտրանք չկա։ Այս մասին ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ մենք առաջնահերթ ենք համարում մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը և օրենքի գերակայությունը»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ շարունակվում է աշխատանքը Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, ու հայկական կողմը ջանքեր է ներդնում ժողովրդական փոփոխություններն ավելի առաջ մղելու համար։
Վարչապետը հայտնեց, որ հանդիպման ժամանակ նույնպես քննարկվել է համաձայնագիրը ու արձանագրվել է, որ այն կարևոր գործոն է Հայաստանում բարեփոխումների օրակարգի առաջխաղացման համար։