Իսկ ո՞վ է ասում, որ չի հայտնվել, թաքցվել է. ուղղակի կան տարբեր դեպքեր. Դավիթ Տոնոյանը՝ բանակում զոհերի մասին
Չի կարող որևէ բան թաքցվել, քանի որ կա և քննության, և նախաքննության մարմինների վերահսկողությունը այդ գործընթացի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչու է ՊՆ-ն թաքցրել այս տարվա ընթացքում 4 զինծառայողների մահը, որոնց անունները արդեն մամուլը հրապարակել է:
«Ով է նման բան ասում: Իսկ ո՞վ է ասում, որ չի հայտնվել, թաքցվել է: Հիմա հնարավոր չէ, բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կա այս կամ այն ձևաչափով: Չի կարող որևէ բան թաքցվել, քանի որ կա և դատաքննության, և նախաքննության մարմինների վերահսկողությունը այդ գործընթացի նկատմամբ:
Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որ ծառայության հետ են կապված, կան դեպքեր, որոնք ուղղակի մարդիկ սովորական տանը... Զինծառայողների մահվան վերաբերյալ էլի հայտարարում ենք, անգամ եթե դա բնական մահ է»,-ընդգծեց նախարարը:
Հատկանշական է, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս առնչությամբ նշել է, որ ՊՆ-ն ծառայության հետ կապ չունեցող դեպքերի մասին չի հայտնել, բայց երբ այս կամ այն կերպ տեղեկատվությունը հայտնվել է, ՊՆ-ն հաստատել է: