ՀՀ-Իրան գազ-էլեկտրաէներգիա փոխանակման մասին պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2040թ. Գարեգին Բաղրամյան
Էներգահամակարգի հետագա զարգացման համար Իրանում քննարկվել են մի քանի կարևոր հարցեր: Այս մասին Սպահանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանը:
Նա նշեց, որ շուտով կավարտվի երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ ծավալի էներգիա արտահանել Իրան: Դրա արդյունքում էլ, փոխնախարարի խոսքով, կարիք կա երկարաձգելու գազ-էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստան-Իրան պայմանագիրը:
«Որոշ հարցեր պետք է բանակցել նոր հզորությունների հետ կապված: Մոտ օրերս կստորագրենք բոլոր փաստաթղթերը, կմեկնարկի նոր ջերմաէլեկտրակայանի կառուցումը, և սրա համատեքստում կարևոր է, որ գազ-էլեկտրաէներգիա փոխանակման մասին պայմանագիրը նոր ծավալներով ու ավելի երկար լինի: Կարծում եմ, որ պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2040թ.-ը»,- նշեց Գարեգին Բաղրամյանը:
Նա հայտնեց, որ առաջիկա մեկ ամսում պատրաստ կլինի պայմանագրի նախագծի տեքստը, որը առարկայական քննարկումներ սկսելու համար կուղարկվի Իրան: Բացի այդ, Գարեգին Բաղրամյանը հայտնեց, որ Իրանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել գազն այլ ապրանքներով փոխանակման կամ ուղղակի վաճառքի տեսքով բանակցություններ սկսելու մասին:
Գազի ուղղակի ձեռքբերման հետ կապված նա նշեց, որ հնարավոր է ավելի էժան գազ ձեռքբերել, քան Ռուսաստանից: «Առաջարկներ են եղել, չեմ ուզում գնի մեծություն հայտնել, որովհետև պայմանավորվածությունները վերջնական չեն, բայց մոտ ապագայում գնային առաջարկները կամփոփենք»,- նշեց նա:
Բաղրամյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ քաղաքական խնդիր չկա, հիմա էլ Հայաստանը գազ է ստանում Իրանից պարզապես ոչ թե կանխիկ գումարով, այլ էլեկտրաէներգիայի դիմաց:
«Եթե լինի փոխշահավետ առաջարկ, կգնենք գումարով: Սա համագործակցություն է»,- նշեց փոխնախարարը: