Կանադան միացել է մերձլուսնային կայան ստեղծելու NASA-ի նախագծին
Կանադան կմասնակցի մերձլուսնային Lunar Gateway կայան ստեղծելու NASA-ի ծրագրին։ Այս մասին Կանադական տիեզերական գործակալության՝ Սեն Ուբեր քաղաքում գտնվող գլխավոր գրասենյակ այցի ժամանակ հայտնել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝
հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր դաշնակիցները խնդրել են մեզ միանալ իրենց եւ օգնել ուսումնասիրել բաց տիեզերքը։ Նրանք ուզում են, որ մենք գործընկերներ լինենք այդ լուսնային առաքելությունում։ Այսօր մենք մի քայլ առաջ ենք գնում, Կանադան դեպի Լուսին է գնում»,- վարչապետի ելույթն է հեռարձակել CTV հեռուստաալիքը։ Թրյուդոյի խոսքերով, Օտավան մտադիր է 24 տարվա ընթացքում 2,05 մլրդ կանադական դոլար ներդնել տարատեսակ տիեզերական ծրագրերի, այդ թվում՝ NASA-ի Lunar Gateway-ի իրականացման համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ NASA-ն 2021թ․ դեկտեմբերի 21-ը նշել է որպես Լուսնի հետազոտման համար բեռների եւ տեխնոլոգիական սարքերի պատրաստման վերջնաժամկետ։ Նախկինում այդ ժամկետը 2018թ․ նոյեմբերի 19-ն էր։