Կառավարությունը քննարկեց ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը գործադիրի քննարկմանը ներկայացրեց գյուղատնտեսական հումքի մթերումների, գնումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը:
«2017-18 թվականների ծրագրից օգտվել են 51 տնտեսվարողներ, շուրջ 7.1 միլիարդ դրամի չափով: Սուբսիդավորման գումարը կազմել է 150.8 միլիոն դրամ: 2018 թվականի ընթացքում այս ծրագրի արդյունքում մթերվածի դիմաց գյուղատնտեսական տնտեսություններին չվճարված գումարը կազմել է ընդամենը 0.7 տոկոս: Համեմատության համար նշեմ, որ 2017 թվականին չվճարված գումարը կազմել է տարեվերջին 5.9 տոկոս, 2016 թվականին՝ 9.2 տոկոս»,-ասաց նա:
Գևորգյանի խոսքով՝ արդեն իսկ կնքված է բերքի գնման 8457 պայմանագիր:
«Նախագծով առաջարկում ենք դյուրացնել տրամադրվող նպատակային վարկերի տրամադրման ընթացակարգը: Նախնական հայտերի՝ եզրակացության ուղարկելու անհրաժեշտություն այլևս չկա: Ֆերմերային տնտեսությունը կամ մշակողը կդիմի ֆինանսական կառույցին: Սահմանաչափը դարձնում ենք 1.5 միլիարդ դրամ մեկ տնտեսվարող սուբյեկտի հաշվարկով: Վարկի առավելագույն ժամկետը 1 տարի է: Նաև կանխավճարի ինստիտուտն ենք մտցնում, այսինքն՝ վերամշակող ընկերությունները կարող են այս գումարը տալ կանխավճարի համար, ինչը կխթանի շրջանառությունը»,-ասաց նա: