Կյանքում բարձրախոսը չմիացրած 35 պատգամավորների 99 տոկոսն ընտրվել է մեծամասնական կարգով. Վաշաձե
Վրաստանի միավորված ընդդիմության առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն այսօր «Մեկ միլիոն ստորագրություն արդար ընտրությունների համար» քաղաքացիական շարժման շրջանակներում 20 ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությամբ անցկացված հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ներկայումս խորհրդարանում գտնվող 35 պատգամավորից, ովքեր կյանքում բարձրախոսը չեն միացրել և միայն իրենց բիզնես շահերի լոբբինգով են զբաղվել, 99 տոկոսն ընտրվել է մեծամասնական կարգով: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիա»-ն։
Ըստ Վաշաձեի՝ ընդդիմադիր կուսակցություններն այսօրվանից սկսում են աշխատանք, որի գլխավոր նպատակը Վրաստանի ընտրական համակարգի փոփոխությունն է՝ մեծամասնական համակարգի չեղարկումն ու ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցումը:
«Երկրում մենք չունենք նորմալ Սահմանադրություն, խորհրդարան ու կառավարություն: Այս ամենի անկյունաքարը ժողովրդի կամքի դրսևորումն է, որն առանց նորմալ խորհրդարանի և խորհրդարանականների տեղի չի ունենում: Բոլորը տեսնում են, թե ինչպես ենք 28 տարի նույն առանցքի շուրջը պտտվում: Վրաստանի շարքային քաղաքացին արդեն հոգնել է միանձնյա և միակուսակցական կառավարությունից»,- հայտարարել է Վաշաձեն:
Հիշեցնենք, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են, որպեսզի համամասնական ընտրական կարգին անցում կատարվի ոչ թե 2024-ին, ինչպես ենթադրում է իշխող «Վրացական երազանքի» ղեկավարության կողմից ընդունված Սահմանադրությունը, այլ հենց 2020 թվականի ընտրություններին: