Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումն» ու «Եվրոպական Վրաստան»-ը կարող են միավորվել
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը կարող են վերամիավորվել՝ խույս տալու խորհրդարանական փոքրամասնության հնարավոր լուծարումից։ Այդ դեպքում խորհրդարանական փոքրամասնությունը ներկայացված կլինի 26 պատգամավորով, հետևաբար, ընդդիմադիրների կարծիքով՝ լուծարվելու վտանգի առջև չի կանգնի:
«Միացյալ ազգային շարժում» խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն ասել է, որ այս փուլում խորհրդակցություններ չեն եղել, սակայն եթե խորհրդարանական մեծամասնությունից ևս 3 պատգամավոր հեռանա, փոքրամասնության կազմալուծման վտանգն ավելի կմոտենա։
Հիշեցնենք՝ «Եվրոպական Վրաստան»-ը 2016-ի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից հեռացած գործիչները։
Ինչ վերաբերում է «Վրացական երազանք» կուսակցությունից Բեսելիայի և նրա համախոհների հեռանալուց հետո խորհրդարանական մեծամասնության կազմալուծմանը (որը տեղի կունենա միայն 76-ից քիչ մանդատ ունենալու դեպքում), ապա դա հեռու է իրականություն դառնալուց։ Այդ մասին հայտարարել են վրացի քաղաքական փորձագետները: