Վրաստանում միջնադարյան դամբարան են գտել
Վրաստանի Մառնեուլիի շրջանի Աղմամեդլո գյուղի մի բնակչուհի տնամերձ հողամասում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ հայտնաբերել է դամբարան, որը ըստ հնագետների՝ թվագրվում է V-XI դարերին: Մասնագետների խոսքերով՝ դամբարանում կատարվել է, այսպես կոչվող, կոլեկտիվ հուղարկավորություն, ինչը բնորոշ է միջին դարերի վաղ շրջանին:
Դամբարանը կառուցվել է հսկա, բայց լավ մշակված քարերով: Դամբարանի ներսում հայտնաբերվել են չորս մարդու՝ երեք մեծահասակի և մեկ երեխայի կմախքի մնացորդներ:
Նաև նշվում է, որ հուղարկավորությունը կատարվել է քրիստոնեական ծեսով: Հնագետները նաև հաղորդել են, որ գրունտային ջրերի ազդեցության հետևանքով ոսկորները լավ պահպանված չեն և դժվար կլինի լուրջ ուսումնասիրություններ կատարել:
Այս դեպքը, սակայն, հետաքրքրել է հնագետներին և վերջիններս ավելի լայն տարածքի վրա են սկսել պեղումներ իրականացնել, արդյունքում ևս մեկ դամբարան են հայտնաբերել, որը սակայն, ամբողջությամբ ավերակների է վերածված եղել տրակտորի աշխատանքի հետևանքով: