Ֆրանսիայում աճուրդում կվաճառեն Գագարինի գրիչը և ձեռագիրը
Աշխարհի առաջին տիեզերագնացի գրչածայրով գրիչը և նրա ձեռագրով գրած փաստաթուղթը Ֆրանսիայում աճուրդի են դրված Cazo աճուրդի տանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լոտի նախնական արժեքն է 15-20 հազար եվրո: Սեւ գրիչը հրթիռի ձեւ ունի: Տակդիրի վրա վերեւում գրված է «ԽՍՀՄ Սեպտեմբեր 1959», իսկ ներքեւում կարմիր թավշյա թուղթ է եւ պատրաստողի դրոշմը: Գագարինի ինքնագիրը շնորհավորական տեքստ է՝ հասցեագրված նավաստիներին եւ գետային տրանսպորտի աշխատողներին:
5-7 հազար եվրո գնահատված եւս մեկ լոտ կազմված է Գագարինի 12 լուսանկարներից, որոնք կատարվել են 1968 թվականի մարտի 24-ին՝ նրա զոհվելուց 3 օր առաջ: Լուսանկարներից մեկը 1986 թվականին տպագրվել է խորհրդային մամուլում, մինչդեռ մնացյալ 11-ը դեռեւս ոչ մի տեղ չեն հրապարակվել: Սեւ-սպիտակ լուսանկարներում պատկերված են տիեզերագնացը խստաոճ կոստյումով, կինը՝ Վալենտինան եւ 2 դուստրերը՝ Ելենան եւ Գալինան: Լուսանկարները կատարվել են Մոսկվայի մոտ գտնվող Աստղային քաղաքի Գագարինների բնակարանում: