Հարավային Կարոլինայում փնտրում են խաղարկության 1.5 մլրդ դոլար ջեքփոթի հաղթողին
Ամերիկայի Հարավային Կարոլինա նահանգի Սիմփսոնվիլ քաղաքի գրեթե յուրաքանչյուր բնակչի մոտ հարց է ծագում՝ ով է հոկտեմբերին Mega Millions խաղարկության 1.5 մլրդ դոլարի չափով ջեքփոթի հաղթողը, գրում է Associated Press-ը:
«Միգուցե հաղթողն այնքան էր տարված թվերը հետեւելով, որ տեղում վախճանվել է գերլարումից: Միգուցե հաղթողը փախուստի էր դիմել եւ այժմ վախենում է, որ նրան կհայտնաբերեն: Իսկ գուցե տոմսն ընկել էր մեքենայից եւ հայտնվել աղբարկղում»,-ենթադրում է հոդվածի հեղինակը՝ չհասկանալով՝ ինչու հոկտեմբերից առ այսօր ԱՄՆ-ում ամենամեծ մրցանակային ֆոնդն ունեցող խաղարկության հաղթողն այդպես էլ չի հայտնվում:
Հայտնի է միայն, որ հաղթող տոմսը ձեռք էր բերվել Սիմփսոնվիլում հոկտեմբերի 20-23-ն ընկած ժամանակահատվածում:
Սիմփսոնվիլ քաղաքի բնակչությունը շուրջ 22 000 մարդ է: Խանութը, որտեղ վաճառվել էր հաղթող տոմսը, քաղաքից եւ հիմնական մայրուղուց բավականին հեռու է:
Այդկերպ, գրեթե լիարժեք վստահությամբ կարելի է ասել, որ տոմսը վաճառվել էր քաղաքի բնակիչներից մեկին: