Բրանտ սառցադաշտից կարող է Նյու Յորքից երկու անգամ մեծ բեկոր պոկվել
Շելֆային Բրանտ սառցադաշտը ճաքել է երկու ուղղություններով, եւ շուտով դրանից, հնարավոր է, բեկոր պոկվի, որն իր մեծությամբ երկու անգամ կգերազանցի Նյու Յորքին՝ հայտնում է LiveScience-ը՝ հղում կատարելով NASA-ին։
Ապագա սառցաբեկորի պատկերը բոլորովին լավատեսություն չի ներշնչում։
Նշվում է, որ փետրվարի 20-ին NASA-ն հրապարակել է շելֆային սառցադաշտի լուսանկար եւ այն համեմատել է արբանյակից արված այլ լուսանկարի հետ, որ արվել է այս տարվա հունվարի 23-ին, ինչպես նաեւ՝ 1986թ․ հունվարի 30-ին։ Այս տարի արված լուսանկարներում կարելի է նկատել երկար ճեղքվածք, որը ձգվում է ողջ սառցադաշտի երկայնքով՝ հարավից հյուսիս։
Ճեղքվածքի մյուս լուսանկարն արվել է 2016թ․ հոկտեմբերին, եւ այնտեղ երեւում է արեւմուտքից արեւելք ձգվող ճեղքվածք։ Սակայն սառցադաշտի վերջին «վնասվածքը» լուրջ մտավախություններ է առաջացնում, քանի որ, գործակալության աստղադիտարանի եզրակացություններով, տարեկան այն 4 կմ-ով մեծանում է։
Մինչ այն ժամանակը, երբ երկու ճեղքվածքները հանդիպեն, ինչը կհանգեցնի սառցադաշտից սառցաբեկորի առանձնացմանը, ընդամենը մի քանի մղոն է մնացել։ Երբ սառցաբեկորն առանձնանա, նրա մակերեսը 1700 ք/կմ կկազմի։
Ընդ որում, ինչպես նշում է գիտնական Ջո ՄաքԳրեգորը, սառցաբեկորի պոկվելը կարող է վտանգ ներկայացնել, քանի որ հնարավոր է խախտվի սառցադաշտի հավասարակշռությունը։