Գյումրիում նշել են Հայրենիքի պաշտպանի օրը
ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ռազմական բազան նախօրեին Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնում տոնական համերգով նշել է Հայրենիքի պաշտպանի օրը։ Հայաստանում ծառայող ռուսաստանցի զինվորականների կազմակերպած միջոցառմանը մասնակցել են նաև մարզային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։
Ողջունելով և շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ Շիրակի մարզպետը նշել է․
«Ամբողջ սրտով շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրը, շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր գիտեն ինչ է զինվորական ծառայությունն ու նվիրված են այդ գործին: Մեզանից յուրաքանչյուրը յուրովի է պարտական իր հայրենիքի նկատմամբ, իր պարտքը յուրովի է մատուցում հայրենիքին, իսկ այդ պարտականությունն ավելի ուժեղ է նրանց մոտ, ովքեր կրում են զինվորական համազգեստ: Հայրենիքի պաշտպանի օրը մենք ակամա հիշողություններով ու սրտի թրթիռով վերադառնում ենք մեր պատմության ընդհանուր և անմոռանալի հերոսական օրերին, կրկին հիշում ենք այն մարդկանց, ում շնորհիվ մենք ու սերունդներն ունենք խաղաղ երկինք: Շնորհավորում եմ վետերաններին ու բոլոր նրանց, ովքեր հիմա զինվորական ծառայության մեջ են»:
Շնորհավորական ուղերձով հանդես է եկել Հայաստանում 102-րդ ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը, որը փոխանցել է նաև շնորհավորական ուղերձներ ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների անունից։