Գործարար հարաբերություններում այլևս չկան այնպիսի խոչընդոտներ, որոնք կարող են առաջանալ պետական համակարգի միջամտության հետևանքով. Տիգրան Խաչատրյան
Կարևոր ժամանակահատված ենք ապրում և գործարար հարաբերություններում այլևս չկան այնպիսի խոչընդոտներ, որոնք կարող են առաջանալ պետական համակարգի կամ տարբեր կառույցների միջամտության հետևանքով: Այս մասին այսօր ասաց Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ ընթացող «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովին:
«Համապատասխանաբար ազատ մրցակցային դաշտը, շուկաներ մուտքի ազատությունը պետք է լինեն այն հիմնական գործոնները, որոնք առաջնորդում են յուրաքանչյուր գործարար որոշում կայացնելուց: Ամենևին այնպես չէ, որ բոլոր կարգավորումները պարզ են այնքան, որ որևէ մեկն իր գործունեությունը սկսելու ընթացքում վստահ լինի, որ այդ վարչարարական կարգավորումները դժվարություններ չեն ստեղծելու իր գործունեության ընթացում, բայց կարող է լինել վստահ, որ երբ դրանք նկատվում են, դրանց կարգավորումներ են տրվում»,-ասաց նա և վստահեցրեց, որ նախարարության բոլոր աշխատակիցները պատրաստ են արձագանքել հարցերին:
«Ուզում եմ տեղեկացնել, որ կան այնպիսի կարգավորումներ, որ նոր ստեղծող ձեռնարկություններին կարող են աջակցել սկիզբը հաջողությամբ առաջ տանելու համար, դրանք պայմանավորված են հատկապես բիզնես ներդրումների ժամանակ առաջացող հարկային պարտավորությունների հետաձգման կամ դրանց մի մասից ազատվելու հնարավորության հետ»,-ասաց նա: