Արտակ Զեյնալյանը կհանդիպի բոլոր ցմահ դատապարտյալների հետ
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում
է արել և անդրադարձել այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և
հանրային հարցերի մշակման հանձնժողովի նիստում իր ելույթի հիմնական կետերին:
«Ցմահ դատապարտյալների հետ կհանդիպեմ իմ հերթական այցի ընթացքում:
Կհանդիպեմ բոլոր դատապարտյալներին՝ անկախ նրանից՝ իրենք ինձ հետ հանդիպում
ակնկալում են, թե ոչ ու անկախ նրանից՝ իրենք հացադուլի մեջ են, թե՝ ոչ: Մենք 100 հազար բնակչի հաշվով չափազանց շատ ցմահ դատապարտյալ ունենք: Մարդիկ կան, որ 27 տարի ապրում են՝ խիստ ռեժիմով: Փոփոխություններ ենք անելու, որ ցմահ դատապարտյալները արժանանան ռեժիմի փոփոխության՝ իրենց վարքով, ընդհուպ՝ հասնեն բաց ռեժիմի և կարողանան գնալ արձակուրդ՝ մինչև 6 ամիս: Սրանով կհասկանանք, թե նրանք որքանո՞վ են ուղղվել, որքանո՞վ են հասարակական հարաբերություններն ընդունում:
ՔԿՀ-ից ազատ արձակված անձը երկու ամիս նպաստ կստանա. մենք հանդես ենք
եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի անձը, որը քրեակատարողական
հիմնարկից ազատ է արձակվում, երկու ամիս նպաստ ստանա, որպեսզի այդ
ընթացքում նա կարողանա գտնել աշխատանք և ստիպված չլինի դիմել
հանցագործության:
Դեռևս չկան վիճակագրական տվյալներ, սակայն մենք՝ բացի օրենքով նախատեսված մեր լիազորությունները կատարելուց, ջանքեր ենք գործադրել, որ համաներված անձանցով հետաքրքվեն ու զբաղվեն սոցիալական մարմինները, ՏԻՄ մարմինները:
Համաներումով ազատ չեն արձակվել այն անձինք, որոնք մեկ անգամ ներվել են կամ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել և կրկին հանցանք են կատարել:
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում սննդի որակը լավացել է։ Իմ այս
համոզման համար հիմք են ծառայում իրավապաշտպանների, դատապարտյալների և
նրանց հարազատների հայտարարությունները։ Քրեակատարողական հիմնարկներում
պակասել է հանձնուքների թիվը, իսկ հացի որակը էապես բարելավվել է։ Ես անձամբ այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ, փորձում ուտելիքը և անձնական զրույցներ վարում կալանավորների հետ այս թեմայով ։
Վերանայում ենք հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են պատժի կրման հետ»,- գրել է արդարադատության նախարարը: