Դա հրապարակման ենթակա չէ. Արտակ Զեյնալյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման լուրերի մասին
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ արդյոք հանդիպե՞լ է կամ փորձե՞լ է հանդիպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ երկրորդ նախագահը մերժել է նախարարի հետ հանդիպումը, և որո՞նք են այդ մերժման պատճառները:
Զեյնալյանը նշեց՝ խոսել այն մասին, թե ինչո՞ւ է երկրորդ նախագահը մերժել հանդիպումը, կնշանակի խոսել այն մասին՝ հանդիպե՞լ է երկրորդ նախագահի հետ, թե՞ ոչ:
«Դա հրապարակման ենթակա չէ, ՔԿՀ-ները, այդ թվում կալանավայրերը, գտնվում են իմ ենթակայության տակ: Ես կարող եմ այցելել բոլորին և ծանոթանալ պայմաններին, իսկ ում հետ եմ հանդիպել, ինչ պայմաններում, դա հրապարակման ոչ ենթակա տեղեկություն է»,- ասաց նա:
Նախարարը հայտնեց՝ երկրորդ նախագահի հետ հանդիպելու մասին տեղեկությունը ոչ հաստատում է, ոչ հերքում է, որովհետև այդ տեղեկությունը փակ է: