Հայաստանի արդարադատության նախարարը խոսել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մանկապիղծի ինքնասպանության մասին
Կալանավորը, որն ինքնասպան է եղել փետրվարի 21-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, երկու անգամ է դատապարտված եղել։ Այս մասին փետրվարի 22-ին խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ ինքնասպանություն կատարած անձը գտնվել է մեկուսախցում մեկ այլ կալանավորի հետ, որը մեղադրվում էր նույն հոդվածով։ «Հոգեբաններն աշխատում էին նրա հետ, եւ մինչ նրանք վերադարձել են, մյուս կալանավորը խեղդամահ է եղել։ Նման դեպքեր պատահում են։ Անցած տարի նույնպես նման միջադեպից չխուսափեցինք։ Իհարկե, տխուր է»,- ասել է նախարարը։
Նույն հոդվածով դատապարտված երկու մարդու, այսինքն՝ անչափահասի բռնաբարության հոդվածով, նույն խցում պահելը, ըստ Զեյնալյանի, սկզբից եւեթ կանխիչ նշանակություն ուներ։ «Երկու կալանավորն էլ մեղադրվել էին նույնատիպ հանցագործության համար, եւ մենք նրանց նստեցրել էինք նույն խցում՝ մտադիր լինելով թույլ չտալ կալանավորներից մեկի կողմից ճնշում բանեցնելը մյուսի վրա։ Դուք գիտեք, որ այդ հոդվածով մեղադրված մարդկանց հետապնդում են»,- պարզաբանել է արդարադատության նախարարը։