Ես հեռախոսով լսել եմ՝ ինչ են արել իմ երեխուն. մայրը պնդում է, որ որդուն բանակում սպանել են (տեսանյութ)
Խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Լևոն Թորոսյանի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են` դաժանաբար ծեծի ենթարկելով և տանջելով:
Այսօր` փետրվարի 21-ին, նրանք եկել էին կառավարության դիմաց` պահանջելու անցկացնել արդար փորձաքննություն և պատժել մեղավորներին. « Իմ ամուսինը
փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի հետ դիակի փորձաքննության ժամանակ ներկա է
եղել, որտեղ հայտնաբերել են, որ երեխուս սեռական օրգաններում արյան զեղումներ են եղել, հարվածը դիմացից բութ առարկայով է եղել: Դեպքի պահին զրուցում էի որդուս հետ, մենք չենք ավարտել մեր հեռախոսազրույցը, երեխեն ինձ հեռացող ձայնով կանչեց` մամ, էդ պահին երեխեն հեռախոսը չանջատեց, ես լսել եմ ՝ինչ են արել իմ երեխուն, էդ ձայները, որ ես լսել եմ…»,- ասաց Լևոն Թորոսյանի մայրը` Արմենուհի Պողոսյանը:
Նա պատմեց նաև, որ որդուց խլել են հեռախոսը, սպանելուց հետո նրա դին տեղափոխել են մարտական հենակետ:
Հայրը` Արսեն Թորոսյանը, փոխանցեց, որ իր տղայի հագուստից միայն տաբատն են տարել փորձաքննության, իսկ շապիկը ներառված չէ փորձաքննության ենթակա նյութերում. « Մեր երեխեքն իրանց համար արժեք չունեն, երեխա էր, ուղարկեցինք, սպանեցին, տվեցին մեզ, մի հատ էլ դիտմամբ ոտները կախ են գցում, մենք տանջվենք, կամաց-կամաց մահանանք, ես երեխա չունեմ տամ պետությանը, ոտերը փռած բերեն դնեն դեմս»,-ասաց նա` հավելելով, որ կանգ չի առնելու, որդու սպանությունը բացահայտելու համար պայքարելու է մինչև վերջ:
Նրա խոսքով` 200 զինվոր վկա է եղել, թե ինչպես է իր որդուն կապիտանը հարվածում, սակայն զինվորները վախենում են և տալիս են այն ցուցմունքը, ինչն իրենց ասում են. «Հայկ Գրիգորյանը (Քննչական կոմիտեի նախագահ․ խմբ․) աչքերիս մեջ նայելով ասեց՝ տղա ջան, ուր էլ գնաս, ես եմ։ Հիմա իմ գործերը ԱԱԾ-ում են, բայց ոչ մի էական փոփոխություն, քանի որ նրանք չեն թողում աշխատեն, կամ չեն ուզում»,-ասաց Լևոն Թորոսյանի հայրը:
Ծնողները մտավախություն ունեն, որ իրենց որդու գործը կարող է արժանանալ
տասը տարի առաջ խաղաղ պայմաններում սպանված զինվորների գործին` այսինքն
այդպես էլ չբացահայտվի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ
հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության
տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լեւոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:
Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դիրքի ավագ, պարտադիր
ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ
քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ):
Նախաքննությունը շարունակվում է: