«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը որոշել եմ ժամանակավորապես դադարեցնել․ Աննա Հակոբյան
«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը որոշել եմ ժամանակավորապես դադարեցնել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
««Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը շատ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց, քան ես սպասում էի։ Դրական է արձագանքը ե՛ւ
Հայաստանում, ե՛ւ Հայաստանից դուրս, բայց քանի որ շատ մեծ ռեզոնանս առաջացրեց, որոշեցի պաուզա վերցնել, որ հետագա քայլերը մանրակրկիտ մտածեմ»,-ասաց նա։
Ամփոփելով Աննա Հակոբյանն ասաց, որ աշխարհի տարբեր երկրներում շատ տարբեր պետական կամ ոչ պետական կազմակերպություններ պոտենցիալ գործընկեր են այդ արշավի շրջանակներում: «Թե ինչպես կշարունակվի արշավը, այս պահին դեռ քննարկման փուլում է,-եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 2018 թվականի հուլիսի 24-ին եղել է Պետական Տրետյակովյան պատկերասրահում, որտեղ հանդիպել է ռուսաստանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ։
Նա հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն
խաղաղության» արշավի մասին՝ նշելով, որ նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է: Աննա Հակոբյանը կոչ է հղել բոլոր կողմերի քաղաքականություն
որոշողներին՝ առավելագույնն անել թնդանոթները շրջանցելու համար, իսկ հանդիպման մասնակիցներին խնդրել է միանալ խաղաղության հաստատմանն ուղղված արշավին՝ հանուն սահմանի երկու կողմերում կանգնած երիտասարդ կյանքերի պահպանման։