Սպառնալիքների մակարդակը երբեմն բարձրանում, երբեմն իջնում է, բայց դրանք միշտ կան. Արթուր Վանեցյան
«Սպառնալիքները երբեք չեն չեզոքանալու, եթե չեզոքանան, ՀՀ ԱԱԾ կազմում չի գործի Պետական պահպանության ծառայությունը, որն ապահովում է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը, երբեմն բարձրանում է, երբեմն իջնում սպառնալիքների մակարդակը, բայց սպառնալիքները միշտ կան»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք դադարել են նրա նկատմամբ սպառնալիքները:
Հիշեցնենք, որ այս մասին Արթուր Վանեցյանը հայտարարում էր իր պաշտոնավարման սկզբում՝ նշելով, որ նման սպառնալիքներ կան նաև երկրի վարչապետի ու այլ պաշտոնատար անձանց նկատմամբ: Ապա անդրադարձավ որոշ քրեական գործերի, որոնց թվում էր Միհրան Պողոսյանի գործը, որն ընթացքի մեջ է, բայց ՀՔԾ տիրույթում, ինչ վերաբերում է Արմեն Ավետիսյանի գործին, նշեց.
«Արմեն Ավետիսյանի հետ կապված քրեական գործը նախաքննության փուլում է գտնվում, պարոն Ավետիսյանի որդին դիմել է Պետգույքի կառավարման վարչությանը և Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրաբերելու ցանկություն է հայտնել, քրեական գործն իր հունով գնում է»,- ասաց նա:
Քրեական օրենսգիրքը թույլ է տալիս, որ եթե պետության միջոցները վերադարձվում են, այլևս հետապնդումը դադարում է:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև Բագրատաշենի անցակետում աջ ղեկով մեքենաների կուտակման հարցով: Վանեցյանը պարզաբանեց.
«Ես մեկնում էի Վրաստան կոլեգայիս հետ հանդիպման, սահմանակետում տեսանք կուտակումները, անցակետում զեկուցեցին, որ մեքենաների կուտակումների պատճառով խոչընդոտվում է աշխատանքը, քաղաքացիները չեն կարողանում բնականոն եղանակով սահմանահատում իրականացնեն: Ուսումնասիրեցինք, տեսանք, որ ուղղակի շարժվելու տեղ չկա, մեր կոչը նրա մասին էր, որ մեքենաները տեղափոխեն այլ վայր, «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հանդես եկան նաև հակադարձ կոչերով, որն ընդունեցինք ի գիտություն, և կառավարությունը որոշում կայացրեց դրա հետ կապված»: