Կոնգրեսը կոչ է անում ամենաակտիվ կերպով մասնակցել մարտիմեկյան երթին
Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին նվիրված հզոր երթ անցկացնելու նախաձեռնությունը:
Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասված է.
«Կոնգրեսն այն դիտում է որպես արդարության վերականգնման ուղղությամբ համապարփակ գործընթացի ազդարարումը պետական մակարդակով: Մենք վստահ ենք, որ այս նախաձեռնությամբ իշխանությունը սկսում է նոր քննություն կատարել բոլոր գործերով, որոնցով ոտնահարվել են մարդու իրավունքները, պատասխանատվության կանչել մարտի 1-ի ոճրագործության բոլոր կազմակերպիչներին և կատարողներին, փոխհատուցում տրամադրել մարտիմեկյան իրադարձությունների բոլոր զոհերի իրավահաջորդներին և մարմնական վնասվածքներ ստացած անձանց,
Մյասնիկյանի արձանին հարող տարածքում տեղադրել ոճրագործության զոհերին նվիրված հուշարձան, մարտի 1-ը օրենքով սահմանել որպես «2008թ.-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»՝ նախատեսելով նաև հիշատակի օրվան նվիրված հրապարակային միջոցառումներ։
Կարևորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս քայլը, Կոնգրեսը կոչ է անում բոլորին ամենաակտիվ կերպով մասնակցել հրավիրված երթին»: