«Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձը
Այսօր «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի բակում հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ՝ պահանջելով, որ գործարանի ղեկավարությունն իրենց 1 ամսվա աշխատավարձը կանոնավոր վճարի, ինչպես որ կնքված է աշխատանքային պայմանագրով։
Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը: Գործարանի բակում հավաքված աշխատակիցներն ասում էին, որ առավոտից երեկո կանոնավոր աշխատել են 380-400 հոգով, իսկ իրենց պահանջածն արդար քրտինքով վաստակածն է։
«Ամեն օր չենք կարող վարկային կազմակերպությանը, էլեկտրացանցի տեսուչին, գազի տեսուչին էս զավոդի ղեկավարության նման խաբենք, թե վաղը վճարումները կանենք։ Էլ չենք ասում, որ խանութներից ամաչում ենք արդեն նիսյայով գոնե հաց գնենք։ Կան ընտանիքներ, որոնց անդամներն ունեն առողջական խնդիրներ, իսկ ո՞վ չգիտի, որ բժշկությունը նույնպես վճարովի է։ Իսկ առանց գումար ոչ մի հիվանդանոց մեր սիրուն աչքերի համար բժշկական օգնություն չի ցուցաբերի»,- ասում է աշխատակիցներից մեկը։
Այսօր դրական պատասխան չստանալու դեպքում գործարանի աշխատակիցները պատրաստվում են դիմել Կոտայքի մարզպետին, իրենց պատգամավորներին, անհրաժեշտության դեպքում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։