Քննչական մարմինների գործողությունների արդյունքում շատ բան պարզվելու է, համալսարանի ղեկավարության անունը մաքրվելու է. Արամ Սիմոնյան
Ոստիկանությունը երեկ հայտարարել էր ԵՊՀ-ում բացահայտված չարաշահումների մասին: ԵՊՀ գիտխորհրդի նիստում թեմային անդրադարձել է ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Զարմանալի է, բայց մենք չկարողացանք համոզել ոստիկանության 6-րդ վարչությանը, որ հուլիս-օգոստոս ամիսներին համալսարանը փակ է, որովհետև դա արձակուրդների շրջան է: Իսկ առանձին դեպքերում նրանք նույնիսկ դասերի ժամանակ չեն եղել, բայց նրանց դասերը փոխարինվել են: Ամենակարևորը՝ փոխարինողներին աշխատավարձ չի վճարվել: Աշխատավարձ վճարվել է միայն մեկ անգամ: Սա պրակտիկա է, որը կիրառվել է միշտ և կիրառվում է աշխարհի բոլոր համալսարաններում, եթե մարդը հիվանդ է»,- ասաց Սիմոնյանը:
Նա նշեց, որ այս մեղադրանքը հիմնազուրկ է:
«Մյուս մեղադրանքը վերաբերում է անձամբ ինձ, իբր ձեզ քաջածանոթ մեր 27-28 տարվա շինարար Գագիկը, որպեսզի շահի տենդերի համար, 10 հազար դոլարի գույք եմ վերցրել: Ծիծաղելի է, չէ՞: Քրեական գործը հարուցվել է համալսարանի և նրա պաշտոնատար անձանց դեմ: Ինձ համար խիստ վիրավորական է հետևյալը. ոստիկանության հայտարարության մեջ նշված է, որ խմբային շահերից ելնելով՝ փաստաթղթեր են կեղծել՝ հափշտակելով 18 միլիոն դրամ»,- ասաց Սիմոնյանը:
Նա շեշտեց, որ սա ճնշման միջոց է համալսարանի ամբողջ ղեկավարության դեմ:
«Համոզված եմ, որ քննչական մարմինների գործողությունների արդյունքում շատ բան պարզվելու է, համալսարանի ղեկավարության անունը մաքրվելու է»,- ասաց ԵՊՀ ռեկտորը: