Ես տեղափոխվել եմ Բաղրամյան 26-ից. Աննա Հակոբյան
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը դեռ չունի գրասենյակ և գույք, հիմնադրամի աշխատակիցներն աշխատում են սեփական լափթոփերով, բայց կառավարական շենքում տեղավորվելու հարց ևս չի քննարկվում: Այս մասին, ներկայացնելով «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների 6 ամսվա հաշվետությունը, ասել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
«Ես տեղափոխվել եմ Բաղրամյան 26-ից կառավարություն և ունեմ այնտեղ աշխատասենյակ: Հիմնադրամի համար կառավարական շենքերում տեղավորվելու հարց չի քննարկվում: Մենք փորձում ենք ուղղակի մեզ համար տարածք գտնել, նաև մատչելի, որովհետև մենք խնայում ենք մեզ վստահված յուրաքանչուր լուման: Բարդությունն այն է, որ տարածքները շատ թանկ են, իսկ մենք շատ գումար չենք ուզում ծախսել տարածքների վրա, ուզում ենք մեզ վստահված գումարները իրենց նպատակին ծառայեցնել»,- ասաց նա:
Աննա Հակոբյանը նաև պատասխանեց մամուլում տարածված այն լուրերին, թե հնարավո՞ր է հիմնադրամի հետագա աշխատանքները շարունակվեն Մաշտոցի փողոցում գտնվող նախագահի նստավայրում:
«Ինչպե՞ս կարող է հիմնադրամը տեղավորվել նախագահի նստավայրում»,- զարմացավ Աննա Հակոբյանը:
Ներկայացնելով «Իմ քայլը» հիմնադրամի դրամական մուտքերը՝ Աննա Հակոբյանը պատասխանեց նաև լրագրողնների այն հարցին, թե որքանո՞վ են հավաստի այն լուրերը, թե աղկահարույց պարգևավճարներից հատկացուներ են արվել հիմնադրամին:
«Առաջին անգամ եմ նման բան լսում, բայց հաստատապես նման տեղեկություն չունեմ: «Իմ քայլը» հիմնադրամին 110 տարբեր կազմակերպություն և անհատ է նվիրատվություն արել ու չգիտեմ, թե ովքեր են եղել: Եթե որևիցե մեկը որոշել է իր պարգևավճարը նվիրաբերել «Իմ քայլին», ես դրանից տեղյակ չեմ»,- ասաց Հակոբյանը:
Լրագրողները հիշեցրին, որ մամուլը գրել էր, թե մարզպետները ևս հատկացումներ են արել հիմնադրամին:
«Ուղղակի անհեթեթություն է այդ լուրը»,- հերքեց տեղեկությունը Աննա Հակոբյանը: