Կառավարությունը քննարկել է հանքարդյունաբերող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նախագիծը (տեսանյութ)
«Հայաստանը 2017թ. մարտից միջազգային կազմակերպության «Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն» նախաձեռնության Ի-Այ-Թի-ԱՅ-ի թեկնածու երկիր է, որին անդամակցելով ստանձնել ենք որոշ պարտավորություններ և դրանց կատարումը պետք է բերի հանքարդյունաբերության ոլորտի առավել բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման»,- փետրվարի 21-ին կայացած կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը:
Պարտավորություններից մեկն էլ ոլորտում գործող հանքարդյունաբերող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումն է: Այս փաթեթով կարգավորվում է իրական սեփականատերերի բացահայտման ամբողջ գործընթացը: Նախագծերի փաթեթը մշակվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որում ներգրավված են եղել հանքարդյունաբերող կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
«Այս նախագծով կարգավորվել է նաև իրավական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականտերերին գրանցելու և գրանցման մեջ փոփոխություն կատարելու ժամկետները: Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքով սահմանվել է, որ հայտարարատուն կրում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն` անկախ իրավաբանական անձի բաժնեմասնակցության չափից»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:
Ընդերքի մասին օրենսգրքում լրացվել են նաև իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ: Որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման դրույթներ: Սահմանվել են նաև իրական սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելու պահանջ: Դրույթները նախատեսվում է տարածել ընդերքօգտագործման բոլոր դրույթների վրա:
Նախագծերի այս փաթեթը քննարկվել է նաև 6-րդ գումարման ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում: Լիագումար նիստում անցել է առաջին ընթերցում, սակայն երկրորդ ընթերցմամբ չի անցել անբավարար քվեների պատճառով: