Գյումրիի ռուսական բազան ներառող ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում պաշտոնյաներ են նշանակվել
Ռուսաստանի նախագահի հրամանագրով ՌԴ Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբի պետ է նշանակվել գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուզովլևը, որը մինչ այդ բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի հարավային ու արևմտյան ռազմական շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է Razm.info մասնագիտացած կայքը։
Հարավայինը, հիշեցնենք, այն ռազմական շրջանն է, որի մեջ են մտնում Ռուսաստանի հյուսիսկովկասյան զորամասերը, Հայաստանում, Աբխազիայում ու Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազաները։ Այս շրջանում են համակարգվում նաև Սիրիայում ռուսական զորքերի գործողությունները։
Կուզովլևը նախկինում զբաղեցրել է այս ռազմական շրջանի մեջ մտնող 58-րդ և 8-րդ բանակների ղեկավար պաշտոններ։ Նրա՝ նոր պաշտոնի նշանակումից հետո փոխվել են նաև այդ միավորումների ղեկավարները։ 58-րդ համազորային բանակի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Սերգեյ Ռիժկովը, իսկ 8-րդ համազորային բանակի հրամանատար՝ գեներալ-մայոր Անդրեյ Սիչևոյը։