Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքը մերժելու դեմ
Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքը մերժելու դեմ:
Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը մերժելու և առաջին ատյանի դատարանի որոշումն ուժի մեջ թողնելու մասին վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության կողմից վճռաբեկ բողոք է տարվել»,- ասաց Խաչատրյանը:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանը Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժել էր՝ ուժի մեջ թողելով առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։