Որևէ աշխատողի աշխատավարձ չի վճարվել առանց հաստատված ուսումնական ծանրաբեռնվածության լիարժեք կատարման. ԵՊՀ պարզաբանումը
Երևանի պետական համալսարանում չարաշահումների բացահայտման
վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից այսօր տարածված հաղորդագրությամբ և
տեսանյութով տրամադրված տեղեկատվության կապակցությամբ ԵՊՀ-ն պարզաբանում է տարածել.
«Երևանի պետական համալսարանի թվով 18 աշխատողների կողմից աշխատանքի չներկայանալու, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում գրառում կատարելու և մոտ 18 միլիոն ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելու հայտարարության վերաբերյալ հայտնում ենք, որ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողի վարձատրության չափը որոշվում է նրա տարեկան ուսումնական ծանրաբեռնվածությամբ, ինչը հիմք է հանդիսանում կատարված աշխատանքի դիմաց վարձատրության համար: Ուսումնական ծանրաբեռնվածության մեջ ներառված որոշ աշխատանքներ (կուրսային, դիպլոմային աշխատանքների ղեկավարում, մագիստրոսական, գիտական թեզի ղեկավարում և այլն) ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների առկայության պայմաններում հնարավոր է կատարել նաև առանց համալսարանում ֆիզիկապես գտնվելու (հեռավար մեթոդով):
Պաշտոնապես հայտարարում ենք, որ համալսարանի որևէ աշխատողի աշխատավարձ չի վճարվել առանց հաստատված ուսումնական ծանրաբեռնվածության լիարժեք կատարման, ինչը թույլ է տալիս միարժեքորեն պնդել, որ առաջ քաշված կանխավարկածը հիմնազուրկ է և մանիպուլյատիվ:
Երևանի պետական համալսարանի վարձակալների կողմից վարձավճարների վճարման և
դրանք սահմանված կարգով չմուտքագրման վերաբերյալ հայտարարության
կապակցությամբ հայտնում ենք, որ այն ամբողջությամբ չի համապատասխանում
իրականությանը: ԵՊՀ վարձակալների կողմից վարձավճարները սահմանված կարգով
վճարվել են համալսարանին և դրանց տրվել է օրենքով սահմանված ձևակերպումներ:
Այդ կապակցությամբ մանրամասն պարզաբանումները և ապացույցները ներկայացվել
են ոստիկանությանը:
Ինչ վերաբերում է տեսանյութում ԵՊՀ պաշտոնատար անձին վերագրվող ենթադրյալ
հանցագործության հատկանիշներին, այդ կապակցությամբ հայտնում ենք, որ
ակնարկվող պաշտոնատար անձի կողմից կտրականապես մերժվում է նշված
տեղեկատվության համապատասխանությունն իրականությանը, և գտնում ենք, որ ՀՀ
ոստիկանության հայտարարության այդ հատվածում տեղի է ունեցել անմեղության
կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում:
Նման պայմաններում կոչ ենք անում ոստիկանությանը, զանգվածային
լրատվամիջոցներին և հանրությանը ձեռնպահ մնալ հարուցված քրեական գործի
վերաբերյալ չհիմնավորված հայտարարություններ կամ մեկնաբանություններ
կատարելուց, հարգել մարդու իրավունքները, անմեղության կանխավարկածը և
սպասել քրեական գործով վերջնական որոշման կայացմանը:
Միաժամանակ հուսով ենք, որ այս գործով կիրականացվի բազմակողմանի, լրիվ ու
օբյեկտիվ քննություն և կփարատվեն հասարակության չհիմնավորված կասկածները»: