Հայաստանում հաստատված է կառավարություն, որը մարդու իրավունքների խախտման դեմ պայքարողների դաշնակիցն է. Փաշինյան
Մատենադարանում ընթանում է «Համամարդկային իրավունքներ 2018» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միջոցառման ժամանակ իր ելույթի ընթացքում Փաշինյանն անդրադարձել է մարդու իրավունքների խնդիրներին, խոսել Հայաստանում մարդակենտրոն հասարակություն ձևավորելու անհրաժեշտության մասին:
«Այսօր ՀՀ-ում հաստատված է կառավարություն, որը ոչ թե մարդու իրավունքների խախտում թույլ տված անձանց ու շրջանակի դաշնակիցն է ու հովանավորը, այլ այն մարդկանց և կառույցների դաշնակիցն ու հովանավորը, ովքեր պայքարում են մարդու իրավունքների խախտման դեմ որևէ ոլորտում»,-հայտարարել է նա:
Նա խոսել է Հայաստանում իրավունքների պաշտպանության համար հավասար հնարավորություններ ստեղծելու կառավարության քաղաքականությունից:
«Իրավունքների պաշտպանության բանաձևն է բոլոր քաղաքացիների համար հավասար հասանելիություն ստեղծելը: Հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով, իրավունքների պաշտպանության համատեքստում առաջին անելիքն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր սոցիալական դիրքին արժանանա օբյեկտիվ ընդունակությունների շնորհիվ, իսկ նրանք, ովքեր չունեն, չպետք է դուրս մնան այս ուղեծրից»:
Նա վստահեցրել է, որ ջանքերն ուղղվելու են նրան, որ բոլորն ընդունակությունների զարգացման հնարավորություն ունենան, իսկ կարևորագույն առաջատար օղակներում լինելու են լավագույնները: Ամենի կենտրոնում լինելու են մարդը և մարդու իրավունքները: Մարդը բարձրագույն արժեք պետք է լինի ոչ միայն կառավարության համար, այլև մարդու համար, շեշտում է Փաշինյանը՝ ասելով.
«Մեր ամենակարևոր անելիքը համարում ենք այն, որ մարդը լինի բարձրագույն արժեք ուրիշ մարդու համար, հարևանը հարևանի, նույնիսկ մրցակիցը մրցակցի համար, այս պարագայում կունենանք դաշտ, որտեղ իրավունքները երաշխավորված կլինեն անկախ կառավարությունից»: