Ես առնչություն չունեմ որևէ բժշկական կենտրոնի հետ. Արսեն Թորոսյան
Ազգային ժողովի միջանցքներում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին լրագրողները հարց են ուղղել`ինչպե՞ս է կատարվել պետպատվերների բաշխումը: Բացի այդ, նրանք նշել են, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը նախկինի համեմատ ավելի շատ պետպատվեր է ստացել:
«Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի բյուջեով եղել է մոտ 10 միլիարդ դրամի աճ: Գրեթե բոլոր բժշկական հաստատությունները ստացել են ավելի շատ գումար, քան 2018 թվականին, այդ թվում՝ ձեր նշած շատ կենտրոններ: Ընդամենը մի քանի կենտրոն քիչ են ստացել, որովհետև գումարների բաշխումը կատարվել է սկզբունքով, թե իրենք ինչքան ծառայություններ են մատուցել անցյալ տարի, նաև վճարովի: Հնարավոր է լինեն իջեցումներ և բարձրացումներ տարբեր բժշկական հիմնարկներում: Բժշկական հիմնարկներում կան ծառայություններ, որոնք ստաբիլ են մնում՝ անկախ կատարված այլ ծառայություններից: Դա դիալիզի ծառայությունն է, ծննդօգնությունը, սրտի ծրագրերը և այլն: Մեծ իջեցումներ եղել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում, մի փոքր Նորք Մարաշում, որը կարող է վերանայվել, եթե կատարողականը փոխվի»,-ասաց Թորոսյանը:
Նա շեշտեց, որ ինքը և իր կինը սեփական բուժհաստատություն չունեն:
«Ես առնչություն չունեմ որևէ բժշկական կենտրոնի հետ, որևէ բիզնեսի սեփականատեր չեմ»,-ասաց նա:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե «Միբս» բժշկական կենտրոնը պատկանում է Արսեն Թորոսյանին: Նախարարի խոսքով՝ խոսակցությունների պատճառն այն է, որ ինքը եղել է այդ բժշկական կենտրոնի տնօրենը, հիմա էլ նրա կինն է տնօրենը: Այս տարի այդ կլինիկան նախորդ տարիների համեմատ ավելի շատ պետպատվեր է ստացել: