Պորոշենկոն պատմել է՝ ինչպես է «Մայդանի» ժամանակ անձամբ զոհերի մարմինները դուրս բերել հրապարակից (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ «Մայդանի» ժամանակ անձամբ է զոհերի մարմինները դուրս բերել հրապարակից: Նրա ելույթի տեսագրությունը YouTube-ում հրապարակել է լրագրող Տատյանա Վիսոցկայան:
Իվանո-Ֆրանկովսկում այդ օրերին նվիրված միջոցառման ժամանակ նա ասել է, որ եղել է այդ իրադարձությունների էպիկենտրոնում:
«Ուղիղ 5 տարի առաջ իմ օրը սկսվեց նրանից, որ ես դուրս եկա Մարիինյան պուրակ, քայլերս ուղղեցի դեպի Գերագույն ռադայի շենք, այդ ժամանակ ժամը 9:00-ն էր: Տեսա Մայդանի ինքնապաշտպանության 14-րդ հարյուրյակի անդամներին: Կանգ առա, խոսեցի: Նրանք ինձ օգնության հարցով դիմեցին, քանի որ իրենց վրա կրակում էին»,- պատմել է նա:
Պորոշենկոյի խոսքով՝ իր աչքի առաջ վիրավորել են 11 մարդու, իսկ հետո նա դուրս է բերել այնտեղից զոհերի մարմինները:
«Այդ պահերը, այդ օրը ես կհիշեմ մինչև կյանքի վերջ»,- հավելել է նա:
Հինգ տարի առաջ Ուկրաինայում պետական հեղաշրջում է տեղի ունեցել: Գերագույն ռադան իշխանությունից հեռացրել է այդ ժամանակ նախագահ Վիկտոր Յանուկովիչին, որը փախել է երկրից Ռուսաստան: Ռադան նոր ընտրություններ է նշանակել, որոնցում հաղթանակ է տարել Պորոշենկոն:
Կիևի գլխավոր՝ Անկախության հրապարակը դարձել է բախումների էպիկենտրոնը, որի ընթացքում բազմաթիվ զոհեր են գրանցվել: