Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայում հանդիպել է Էմանուել Մակրոնին
Փարիզի Ելեսեյան պալատում կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը:
Դա Զուրաբիշվիլիի՝ նախագահի պաշտոնում առաջին այցն է իր երկրորդ հայրենիք՝ Ֆրանսիա: Առանձնազրույցից հետո նախագահները ստորագրել են «Դիմիտրի Ամիլախվարի անվան ֆրանսիական-վրացական համագործակցության հռչակագիր», որի հիման վրա երկրների միջև բանակցությունները և հարաբերությունները անցնելու են նոր փուլ: Նախագահների առանձնազրույցներից հետո կայացել է համատեղ ասուլիսը:
Ասուլիսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել Զուրաբիշվիլիին․
«Առաջին երկիրը, որը ընտրել եք այցի համար դա հենց մեր երկիրն է: Ցանկանում եմ ասել, որ մենք ընդմիշտ ձեր կողքին ենք, ինչպես եղել ենք 2008 թվականին»:
Ելույթի ժամանակ Մակրոնը զրուցել է նաև երկու երկրների միջև համագործակցության խորացման մասին:
Պատասխան խոսքում Վրասատնի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերոջը ջերմ ընդունելության համար, ինչպես նաև այն աջակցության ու համագործակցության համար, որ տրամադրում է Ֆրանսիան Վրաստանին: Մասնավորապես՝ օդային սպառազինության սարքավորումների մատակարարման համար: Սալոմե Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ «Դիմիտրի Ամիլախվարի անվան ֆրանսիական-վրացական հռչակագրի» շրջանակներում երկրների երկկողմ համագործակցությունն էլ ավելի կխորանա:
Ելույթի վերջում Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆրանսիացի գործընկերոջը առաջին տիկնոջ հետ հրավիրել է Վրաստան՝ հույս հայտնելով, որ այցը կկայանա ընթացիկ՝ 2019 թվականին:
«Հավակնություն ունեմ, որ Ֆրանսիան Վրաստանի համար կդառնա եվրոպական երկրներից ամենամտերիմ բարեկամը»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: