Բացահայտվել է 27 տարի առաջ տեղի ունեցած տրակտորի գողության դեպքը
Բացահայտվել է 27 տարի առաջ Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում տեղի ունեցած տրակտորի գողության դեպքը: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, հայտարարություն է տարածել Հայաստանի ոստիկանությունը:
1992 թվականի ապրիլին Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում կատարվել է անձնական ունեցվածքի գողություն։ Գողոնը եղել է տրակտոր։ Դեպքի առթիվ Թումանյանի շրջանի ներքին գործերի բաժնում քրեական գործ էր հարուցվել։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ գողացված տրակտորը դեպքից օրեր անց՝ 1992 թվականի մայիսին, վաճառվել է Լորուտ գյուղի մի բնակչի՝ 55.000 ռուբլով։ Հետագա միջոցառումներով պարզվել էր, որ տրակտորը վաճառած անձը այն գողացողը չէ, բայց տեղյակ է եղել, որ տրակտորը գողացված է։
Հետևողական հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները, օրերս բավարար ապացույցներ ձեռք բերելով, հիմնավորել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով 27 տարվա վաղեմության գողությունը։
Պարզվել է, որ տրակտորը գողացել է 1967 թվականին ծնված և Տավուշի մարզի Արճիշ գյուղում ապրած մի տղամարդ, որը տարիներ առաջ մահացել է։